Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 90 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

24.01.2011, 11:33
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 90 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական կողմը հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի հետ սահմանին  ավելի քան 90 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության  և  քարոզչության  բաժնին:

Օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ ադրբեջանական կողմը տարբեր տեսակի հրազենից շուրջ 500 կրակոց է արձակել Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ուժերի դիրքերի ուղղությամբ: 

Գնդակոծումներն առավել ինտենսիվ էին հունվարի 16-ին և 19-ին: Այս օրերին «АК» և «СВД» տեսակի ավտոմատներից բացի ադրբեջանական կողմը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է «ПК» և «ДШК» տեսակի հրազեն, իսկ հունվարի 20-ին ժամը 18:00-ին Հորադիզի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից արձակած ինտենսիվ գնդակոծումների հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Սուքիասյանը:

«Ղարաբաղի ՊԲ զինծառայողների կողմից ձեռնարկած պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Նախնական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կորուստների թիվն անհամեմատ ավելի է», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-