ԼՂՀ շահերին վերաբերող գործընթացներին Բաքվի միջամտելու փորձերն անհիմն են. ԱԳՆ

21.01.2011, 13:56
ԼՂՀ շահերին վերաբերող գործընթացներին Բաքվի միջամտելու փորձերն անհիմն են. ԱԳՆ
ԼՂՀ շահերին վերաբերող գործընթացներին Բաքվի միջամտելու փորձերն անհիմն են. ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին առնչվող գործընթացներին, անհիմն են, ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում։  

Փաստաթղթում նշվում է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանն ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:

«ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին, անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում»,- ընդգծվում է հայտարարությունում։

Ղարաբաղի ԱԳՆ-ից ընդգծեցին, որ երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները:

«Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից: Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոսյա աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ և աճող հետաքրքրության մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարությունում ափսոսանքով նշվել է, որ ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի և այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական և բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:

«Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է ԱՀ և ԼՂՀ միջև փոխվստահության ձևավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար»,- ընդգծեցին ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից և իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները: -0-