Լեռնային Ղարաբաղը 2010թ.-ը զգալի տնտեսական աճով է ավարտում. վարչապետ
ԼՂՀ կառավարությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը հակազդելու` հաճախ դրսից ներթափանցող բացասական միտումներին, ապահովելու կենսագործունեության բավարար մակարդակ, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ամանորյա ուղերձում։
«Այս քաղաքականությունը տալիս է ցանկալի արդյունքներ, ինչի կարևոր վկայություններից է այն, որ 2010 թվականը մենք եզրափակում ենք տնտեսական զգալի աճով: Դա չճանաչված, զարգացման միջազգային լծակներից զրկված փոքր հանրապետության համար կարելի է լուրջ ձեռքբերում համարել: Բայց մենք ձգտում ենք ավելի մեծ հեռանկարի, և դա կփորձենք լավագույնս ի ցույց դնել 2011 թվականին»,- ասաց Հարությունյանը։
Ըստ վարչապետի, անցնող տարին բավականին բարդ էր իր տնտեսական բնույթով, ինչն ուղղակի ազդեցություն է գործել ազգաբնակչության մի ստվար մասի սոցիալական կացության վրա: «Միանգամից ասեմ, որ գալիք տարին ևս սոցիալ-տնտեսական առումով դյուրին չի լինելու»,- նշում է Հարությունյանը։
Նա վստահություն է հայտնում, որ գործադիր մարմնի կողմից նշված ծրագրերին կհաջողվի հայրենակիցների համար համեմատ լավ կենցաղային և աշխատանքային պայմաններ ստեղծել։
«Եկող տարվա մեր գլխավոր կարգախոսը պետք է լինի բանիմաց, ստեղծագործ և հետևողական աշխատանքը` երկրի անխտիր բոլոր ասպարեզներում: Լոկ նման գործունեությամբ մենք ի զորու կլինենք մեր հանրապետությունը տանել զարգացման ուղիով: Մենք միշտ սատար կկանգնենք գործի մարդկանց»,- նշեց Հարությունյանը։
«Սիրելի արցախցիներ, խաղաղություն և բարեկեցություն եմ ցանկանում Ձեզ, թող բոլորիս և Աստծո կամոք Ձեր ընտանիքներում իշխեն լույսն ու երջանկությունը և այնտեղ միշտ հնչի մանկական ճռվողյունը: Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին, նրանց նույնպես մաղթում բարօրություն և համազգային իղձերի մեջ` անսասան հավատ»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի վարչապետի ամանորյա շորհավորական ուղերձում։
Ինչպես ավելի վաղ հայտնեց ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Լեռնային Ղարաբաղի ՀՆԱ-ի աճը 2010թ.-ին 9 տոկոս է կազմել։ -0-

