ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է Բաքվի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը. պաշտպանության նախարար

28.12.2010, 17:43
ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է Բաքվի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը. պաշտպանության նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը, ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Ղարաբաղի բանակի ներուժը լրջորեն մեծացել է: ԼՂՀ պաշտպանության բանակը ստեղծվել է պատերազմելու համար, և ամեն օր, ամեն ժամ նա դրան պատրաստվում է: Այսօր ձեզ հետ հանդիպելուց առաջ ես նոր որոշում ստորագրեցի, որը պետք է հաստատման ներկայացվի և որի համաձայն՝ մի շարք բարեփոխումներ են նախատեսվում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը:

Նախարարը նշեց, որ ղարաբաղյան բանակի համար 2010 թվականը պատերազմին պատրաստվելու տարի էր՝ ավելացնելով, որ գոհ է ընթացիկ տարում ԼՂՀ պաշտպանության բանակում տեղի ունեցած բարեփոխումներից:

«Այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել: Բարեփոխումների շրջանակներում բանակում վերակազմավորվեց տանկային 8-րդ բրիգադը, ևս մեկ հրետանային դիվիզիոն և մեկ առանձին գումարտակ տեղաբաշխվեցին ԼՂՀ պաշտպանության բանակի երրորդ և չորրորդ պաշտպանական շրջաններում», - նշեց Հակոբյանը:

Նախարարը հայտարարեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի խնդիրը ռազմական ոտնձգությունների դեպքում երկրի անվտանգության ապահովումն է:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն Ադրբեջանի կողմից սադրանքների չի սպասում, այլ պատերազմի վերսկսման», - հայտարարեց նա:-0-