Ղարաբաղի ԱԺ խոսնակը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբային
ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նախորդ շաբաթ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Պորեբան հայտարարել է, որ իր այցը Լեռնային Ղարաբաղ ճանաչողական բնույթ ունի, քանզի զեկուցման նախապատրաստման ընթացքում կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շրջագծում:
«Քանի որ նպատակադրված է պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէի կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու և իմանալու համար ինչպես իշխանությունների, նույնպես և հասարակության տեսակետները հիմնախնդրի և նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ», - ասել է Պորեբան:
Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա այցն Արցախ։
«Վերջին շրջանում արդեն երկրորդ անգամն է, ինչ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ժամանում են մեր երկիր, ինչը ենթադրել է տալիս, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս եվրոպական այդ հեղինակավոր կառույցի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ», - նշել է Ղուլյանը:
ԼՂՀ ԱԺ խոսնակը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է՝ հիմք ընդունելով համընդունելի միջազգային նորմերը և ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները:
«Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցության, այդ առումով հասնել նկատելի հաջողությունների», - ասել է Ղուլյանը:
Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման ասպարեզում արդեն իսկ ձևավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։
Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրին, ԱԺ նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցային գործընթացի պարբերական տեղապտույտները գլխավորապես բացատրվում են նրանով, որ լիարժեք չէ նրա ձևաչափը, քանզի դրան անմիջականորեն չի մասնակցում հակամարտության հիմնական կողմերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը:
Ղուլյանի խոսքով՝ այդ մասին պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս բարձրաձայնել է ամենատարբեր մակարդակներով։
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։ -0-