Աստանայի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատել է Հայաստանի պարտվողական դիրքը. ընդդիմություն
Աստանայի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատել է Հայաստանի պարտվողական դիրքը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ովքեր մասնակցել են Աստանայի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ եկել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վճռական քայլերի ժամանակը: Հայտարարություն կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նոր ուժով ուշադրությունը կենտրոնացնել առկա խնդիրների լուծմանը, որոնք դեռևս Հիմնական սկզբունքներում են մնում, իսկ ՄԽ համանախագահներին հանձնարարվել է շարունակել աշխատանքը հակամարտող կողմերի հետ և օժանդակություն ցուցաբերել այդ խնդիրների լուծման գործում:
«Այդ հայտարարությունը հաստատել է Ակվիլի և Մուսկոկի հայտարարությունները, որոնք հայկական դիվանագիտության նահանջն էին արտացոլում: Սերժ Սարգսյանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի պարտվողական ներքին քաղաքականությունը, որի ջանքերով Լեռնային Ղարաբաղը դադարել է բանակցությունների կողմ լինելուց»,- ընդգծեց Զուրաբյանը:
Ըստ նրա, տարածքային ամբողջականության սկզբունքի իրավահավասարությունը և ազգերի ինքնորոշման իրավունքները ճանաչելով՝ Հայաստանը գրեթե համաձայնում է, որ հակամարտությունը տարածքային ամբողջականության հիման վրա կարգավորվի:
«Հատկանշական է, որ նույնիսկ նման զիջումների գնալով՝ հայկական կողմը չի կարողացել ապահովել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը: Ալիևի ախորժակը միշտ աճում է, քանի որ նա գիտի, որ ժամանակն իրենց օգտին է ընթանում»,- նշեց ՀԱԿ համակարգողը:
Զուրաբյանն ավելացրեց, որ Աստանայի հայտարարության տակ ստորագրելով, Հայաստանը դռներ է բացել նոր զիջումների համար:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

