Ղարաբաղն առանձին տաղավարով է մասնակցել Լոնդոնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նոյեմբերի 8-11-ը մասնակցել է Լոնդոնի WTM (World Travel Market) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, երեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանն այս անգամ էլ բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության առնչությամբ։
«Թուրքական գործակալություններից մեկը և Լոնդոնի ադրբեջանական համայնքը հարյուրավոր նամակներ են հղել ցուցահանդեսի կազմակերպչին՝ Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կանխելու նպատակով։ Հարկ է ընդգծել, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի այս բողոքները որևէ արդունքի չեն հանգեցրել»,- նշեց Շահվերդյանը։
ԼՂՀ Զբոսաշրջության վարչության ղեկավարը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ցուցահանդեսին իրականացվել է ղարաբաղյան Տուրիզմի զարգացման գործակալության և ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության կողմից։
«Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում մենք մեր տաղավարի այցելուներին ներկայացրեցինք Արցախի զբոսաշրջային ռեսուրսները։ Որպես նորույթ անհրաժեշտ է նշել, որ հանդիպումներ եմ ունեցել մի շարք երկրների տուրիզմի նախարարների հետ, որոնք զուտ գործնական բնույթ են կրել։ Այդ հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են մեզ հետաքրքրող հարցերը և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, այդ երկրներ կատարելիք այցերի վերաբերյալ հաջորդ տարվա փետրվար-մարտին փորձի փոխանակման նպատակով»,- ասաց Շահվերդյանը։
ԼՂՀ տուրիզմի վարչության ղեկավարը հայտնեց, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև միջազգային զբոսաշրջային այլ ցուցահանդեսներին Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ 2011 թվականի սկզբին և վերջին։
«Մեր աշխատանքների երկրորդ ծրագիրն այն է, որպեսզի արտասահմանյան ԶԼՄ-ների միջոցով կազմակերպենք Ղարաբաղի քարոզչությունը։ Այդ ուղղությամբ նախնական պայմանավորվածություններ կան CNN հեռուստաընկերության հետ, և դրանք պետք է լրամշակվեն աշխատանքային մթնոլորտում։ Մնում է հուսալ, որ մեր ծրագրերն իրականանան»,- նշեց Շահվերդյանը։
Ըստ նրա՝ ի տարբերություն նախորդ ցուցահանդեսների, Ղարաբաղի մասնակցությունը WTM ցուցահանդեսին հաջող է եղել այն առումով, որ բրիտանական ԶԼՄ-ները բավականին ակտիվ են արձագանքել այդ փաստին։
«Ղարաբաղի մասնակցությունը ցուցահանդեսին այս անգամ ամբողջությամբ իրականացվել է ԼՂՀ պետբյուջեի միջոցներով, իսկ «Արցախալկո» ընկերությունը մեր տաղավարին է ներկայացրել իր արտադրանքի տեսականին։ Զբոսաշրջության զարգացման և Ղարաբաղը որպես զբոսաշրջային գրավիչ գոտի ներկայացնելու տեսանկյունից Լոնդոնի ցուցահանդեսը հասել է նպատակին»,- հավելեց Շահվերդյանը։
Լոնդոնում անցկացվող ամենամյա միջազգային «World Travel Market» զբոսաշրջային ցուցահանդեսն աշխարհի ամենահեղինակավոր զբոսաշրջային իրադարձություններից է, որտեղ ավանդաբար սահմանվում են համաշխարհային զբոսաշրջային շուկայի նորագույն թրենդները։ -0-