Վերջին երեք տարում ագրարային ոլորտում հսկայական ներդրումներ են կատարվել. նախարար
Վերջին երեք տարում գյուղատնտեսության ոլորտում հսկայական ներդրումներ են կատարվել պետության կողմից, բայց, ցավոք, ցանկալի արդյունք առայժմ չկա, ասաց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը Ստեփանակերտում Ագրարային հատվածի հեռանկարներին նվիրված կլոր սեղանի ընթացքում:
«Միաժամանակ, վերջին տարիներին, բացի խաղողից, հացահատիկային, կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության ուղղությամբ հաջողվել է գերազանցել նախապատերազմական ցուցանիշները»,- նշեց Ծատուրյանը:
Անդրադառնալով անասնաբուծության ոլորտին՝ ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարը հայտարարեց, որ այստեղ արդյունքները քիչ են:
«Գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր համախառն արտադրության 64-65 տոկոսը բաժին է ընկնում ագրարային հատվածին, 34-36 տոկոսը՝ անասնաբուծությանը, ինչը, մեր հաշվարկով, «թույլ է»»,- ասաց Ծատուրյանը:
Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանն էլ հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է կողմնորոշվել, ամենակարևորը, նրա կառուցվածքի հարցում, այսինքն, հասկանալ, թե ի՞նչ մոդել է պետք մշակել գյուղատնտեսությունում՝ ելնելով արտադրությունից, վերամշակումից և իրացումից:
Հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի կարծիքով, Ղարաբաղի գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ բնական պայմաններ կան:
«Երբ Լեռնային Ղարաբաղի պես պետությունը գյուղատնտեսական մթերք է ներմուծում, ապա դա զարմանք է առաջացնում: Նման հարուստ երկրամասում, ինչպիսին է Ղարաբաղը, բերրի հող և խոնավություն կա, սակայն հողագործության սխալ համակարգի կիրառման արդյունքում շատ վատ բերք ունենք ցանքաշրջանառության բացակայության պատճառով»,- նշեց Աղանբեկյանը:
ՌԳԱ ակադեմիկոսը նշեց, որ առկա թերությունների թվում այնուամենայնիվ առաջխաղացում է նկատվում, մասնավորապես, գյուղմթերքի վերամշակման կազմակերպման հարցում, սակայն արդյունքները համադրելի չեն Արցախի հնարավորությունների հետ:
«Հաճախ ինձ մտահոգում են պետական փոքր միջոցների անվերահսկելի մեծ ծախսերը: Անհրաժեշտ է գնալ տնտեսությունների խոշորացման ուղով, աշխարհում մենատնտեսություններն ուժ են ներկայացնում, մենատնտեսները միավորվում են, արտադրություն են կազմակերպում և առևտրային ընկերություններ են ստեղծում»,- ասաց Աղանբեկյանը:
Մեկ ամսվա ընթացքում ակադեմիկոս Աղանբեկյանը կամփոփի կլոր սեղանի և կայացած հանդիպումների արդյունքները, և նոյեմբերին հաշվետվություն կներկայացնի ԼՂՀ ղեկավարությանը:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ: -0-