Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը տեղի կունենա. ինտերնետ-նախագծի խմբագիր

18.10.2010, 11:26
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը տեղի կունենա. ինտերնետ-նախագծի խմբագիր

Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի կունենա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Նիժնի Նովգորոդի «Սրեդա օբիտանիա» («Среда обитания») ինտերնետ-նախագծի հեղինակ և խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը:

Կոնոպլյովը մասնակցել է Ստեփանակերտում հոկտեմբերի 12-16-ն առաջին անգամ անցկացված «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգություն և հայկական լրատվամիջոցները» թեմայով ԶԼՄ-ների և լրագրողների հինգերորդ համահայկական կոնֆերանսին:

Խմբագրի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղը բազմիցս ապացուցել է, որ կայացած պետություն է, և «այստեղ չարժե ենթարկվել այն մարդկանց կամքին, ովքեր ասում են, թե հարկավոր է ինչ-որ զիջումների գնալ կամ ինչ-որ տարածքներ հանձնել»:

«Սկզբից պետք է Ղարաբաղի ճանաչման հարցը դնել, իսկ հետ միայն խոսել ինչ-որ վիճելի տարածքների մասին», - նշել է Կոնոպլյովը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին՝ Կոնոպլյովը հայտարարել է, որ եթե հարցը քննարկվի պետական մակարդակում, ապա, իհարկե, Ռուսաստանին շատ դժվար է այստեղ ինչ-որ մեկի կողմն անցնել, քանի որ նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է:

«Հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտության տեսակետից բավականին շատ հնարավորություններ կան, և դրանք հարկավոր է օգտագործել», - ասել է Կոնոպլյովը:

Բաքվի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին ռուսական ինտերնետ-նախագծի հեղինակը նշել է, որ դա միայն «զենք ճոճել է, սակայն Ադրբեջանի ուժերը շատ քիչ են»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-