Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հաղորդումէ ԼՂՀ նախագահի աշխատակամզի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Նախագահը շնորհավորել է հանրապետության ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և պետական պարգևներ հանձնել մի խումբ մանկավարժների», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ուսուցչի օրվա կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժնի գլխավոր տեսուչ Սոֆյա Բարսեղյանը և Մարտունի կենսաթոշակառու ուսուցչուհի Աիդա Սաղյանը:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Աթանեսյանը, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի կենսաթոշակառու ուսուցիչ Ալեքսանդր Բաբայանը, Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Էլեոնորա Զաքարյանը, Շահումյանի շրջանի Քարվաճառի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մարետա Հարությունյանը և Քաշաթաղի շրջանի Բերձորի N 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Վարդուշ Մովսիսյանը:
Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Սոսո Արզումանյանին և Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Հայրապետյանին: -0-

