ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը

15.09.2010, 15:30
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, չորեքշաբթի հայտնեց Հարավային Կոկվասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հյուսիսատլանտյան դաշինքն ուղիղ կերպով ներգրավված չէ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունները, որոնք արվել են Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց Սիմոնսը լրագրողներին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը հուլիսի 17-ին Ալմաթիում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել, որտեղ կոչ են արել կողմերին խաղաղ կարգավորման գալ։

Սիմոնսը նշեց, որ ՆԱՏՕ-ն արդեն անհանգստություն է հայտել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին  միջադեպերի կապակցությամբ և այդ համատեքստում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և նրանց ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ղարաբաղյան հակամարտության կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են ՆԱՏՕ դիմել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղադրելու առաջարկով: Բայց քանի որ նման համաձայնություն չկա, Լեռնային Ղարաբաղում Դաշինքի խաղաղարար ուժերի ներկայության մասին խոսելը վաղ է»,- լրագրողներին ասաց Սիմոնսը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-