Ղարաբաղի անկախության հռչակումն ապահովեց պետականության զարգացումը

02.09.2010, 16:29
Ղարաբաղի անկախության հռչակումն ապահովեց պետականության զարգացումը

Արցախի պետականության զարգացումը հնարավոր դարձավ Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության հռչակման որոշման հիման վրա, ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը։

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։

«Սա պարզապես օրացույցային տոն չէ, Ղարաբաղում այդ օրը որպես իրական տոն է նշվում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բալայանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ այդ որոշման ընդունման ամենալուրջ իրավական հիմքն է եղել ողջ հայության միասնական և համախմբված կամքը։

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն իր հերթին նշեց, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանություները շատ ճիշտ որոշում ընդունեցին, որը համապատասխանում էր ոչ միայն խորհրդային օրենսդրությանը, այլ նաև միջազգային նորմերին։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը շատ ամուր են և կասկածի ենթակա չեն»,- ասաց նա։

Զոլյանն ընդգծեց, որ կոնկրետ դա կարող էր ԼՂՀ անկախության ճանաչման գերազանց հիմք դառնալ, ինչպես նաև հիշեցրեց, որ այն ժամանակ հայկական խորհրդարանում քննարկման էր ներկայացվել Հայաստանի կողմից ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը։

«Սակայն վերջին պահին այն ժամանակվա Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրեց հետաձգել քվեարկությունն իր՝ Մոսկվա շտապ մեկնելու պատճառով։ Ցավոք, մենք առայսօր դիտարկում ենք այդ իրավական հարցերը, թեև այն ժամանակ ամենահաջող ժամանակն էր ԼՂՀ անկախության ճանաչման համար»,- ասաց Զոլյանը։

Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքերով, Հայաստանի նորագույն պատմության մեջ 1991 թվականի աշունն ամենաբարենապաստ պատմական ժամանակահատվածն էր, քանի որ այդ ժամանակ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, ինչպես նաև սկսվեց պետական և ռազմական կառույցների լեգիտիմ ձևավորումը։

«Պատմության տեսանկյունից, 19 տարին այդքան էլ մեծ ժամկետ չէ, իսկ քաղաքականության տեսանկյունից, հատկապես, նկատի առնելով անցած պատերազմը և շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, 19 տարին լուրջ փաստարկ է, որը հայկական կողմերին թույլ է տալիս ղարաբաղյան հարցում բարենպաստ սպասելիքներ ունենալ ապագայում»,- ասաց նա։

Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այս ամենին հետևած դեկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ-ի կառավարությունն անցավ իր պարտավորությունների կատարմանը բացարձակ շրջափակման և դրան հետևած Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիայի պայմաններում: