ԼՂՀ հռչակման 19-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառումներն են անցկացվում հանրապետությունում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19-ամյակի հետ կապված տոնական միջոցառումներն անցկացվում են երկրի ողջ տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, տոնը սկսվել է առավոտյան Ստեփանակերտի փողոցներում և հանրապետության շրջկենտրոններում` զորասյուների հանդիսավոր քայլերթով:
Ավանդաբար հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին պարապմունքները նվիրվել են նշանավոր տարեթվին` անկախության տարեդարձին` խորհրդարանի պատգամավորների, կառավարության և ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը և ԼՂՀ բարձր ղեկավարության ներկայացուցիչները՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԼՂՀ նախկին ղեկավար Արկադի Ղուկասյանը և մտավորականության ներկայացուցիչներն օրվա առաջին կեսին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի և Ղարաբաղյան պատերազմի հերոսների հիշատակին:
Այս տոնական օրն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ են անցկացվում:
ԼՂՀ հռչակման 19-ամյակի կապակցությամբ, հանրապետության բնակչության առանձին խմբերը, մասնավորապես` ՀՄՊ մասնակիցները, ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները և պատերազմի հաշմանդամները միանվագ դրամական օգնություն են ստացել:
Երեկոյան Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա «Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև տոնական համերգ՝ արտերկրից ժամանած հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Տոնակատարությունը կեզրափակվի սքանչելի հրավառությամբ:
1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամարտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։
Նման որոշում ընդունելիս` պահպանվել են 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։-0-

