Ղարաբաղյան հարցի լուծումը պահանջում է Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը բանակցություններում. ՀՀԿ

17.08.2010, 16:47
Ղարաբաղյան հարցի լուծումը պահանջում է Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը բանակցություններում. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղը պետք է բանակցությունների լիարժեք կողմ դառնա, որպեսզի հակամարտության լուծման գործընթացը որոշիչ փուլ մտնի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետության կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության և ժողովրդի ոչ մեկ չի կարող լուծել նրա ճակատագիրը»,- ասաց Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը գտնվում է որոշիչ փուլում։

Շարմազանովը նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չեն հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղը նորմալ զարգացող ժողովրդավարական հանրապետություն է, և անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին ժողովրդավարության դասեր կտա»,- ասաց նա։

Խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ղարաբաղյան հարցի լուծումը կգտնվի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ կդառնա, իսկ Ադրբեջանը կհայտնի, որ Լեռնային Ղարաբաղն ասյուհետ չի կարող իր կազմում լինել։

«Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում»,- ասաց նա։

Պատգամավորը նաև կարևորել է Ռուսաստանի ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-