Նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը 97 անգամ գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրի համաձայն, նախորդ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրազենից 97 անգամ գնդակոծելով ղարաբաղյան դիրքերը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության բաժնին, հակառակորդը «ԱԿ», «Սև նետ», «ՍՎԴ», «ՊԿ», «ԴՇԿ» և «ՈՒՏԵՍ» տեսակի մանր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջնային դիրքերը՝ հրազենային վնասվածք հասցնելու նպատակով՝ օգտագործելով շուրջ 1600 փամփուշտ:
Գնդակոծումների առավել հաճախակի դեպքեր են գրանցվել շփման գծի հյուսիսային հատվածում:
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և հաջորդ օրվա ընթացքում միայն ԼՂՀ Մարտակերտի շրջանի Աթերք գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ «ԱԿ» տեսակի ավտոմատներից և «ԴՇԿ» տեսակի գնդացիրներից շուրջ 750 կրակոց են իրականացրել:
«ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից իրականացվող գնդակոծումները դադարեցվել են», - նշվում է ԼՂՀ պաշտպանության տեղեկատվության մեջ:-0-