ԼՂՀ արտգործնախարարության գրադարանը համալրվել է «Արցախ» գրքով

30.07.2010, 17:33
ԼՂՀ արտգործնախարարության գրադարանը համալրվել է «Արցախ» գրքով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գիտական գրադարանը նվեր է ստացել եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի «Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը, որը լույս է տեսել Սանկտ Պետերբուրգի «Նաուկա»  հրատարակչությունում:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հրատարակությունը պատրաստել են Բելլա և Վահե Գրիգորյանները, հայերենից թարգմանության հեղինակն է Նելսոն Ալեքսանյանը: Թարգմանության ժամանակ պահպանվել են բոլոր նրբերանգներն ու հեղինակի տերմինաբանությունը

Առաջին անգամ գիրքը հայերեն լեզվով հրատարակվել է 1895թ-ին Բաքվում: Այն ունի պատմական և աղբյուրագիտական բացառիկ նշանակություն: Պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, հոգևոր գործիչ, ծնունդով արցախցի Մակար Բարխուդարյանցը տեղեկություններ է տվել երկրի բնական ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի, ժողովրդագրության մասին, նկարագրել է պատմական հուշարձանները, հավաքել և վերծանել է տապանաքարերի, եկեղեցական և վանական պատերի գրությունները:

Գիրքը բազմիցս օգտագործվել է գիտական ուսումնասիրություններում, որպես ուղեցույց է ծառայել Արցախի հետագա նկարագրություններում և առ այսօր էլ երկրի նյութական և հոգևոր մշակույթի մասին ամբողջական պատկերացում տվող բացառիկ աշխատություն է մնում:

Գրքի ռուսերեն թարգմանությունը նվիրված է Ղարաբաղ-Արցախի ազատության և անկախության համար նահատակված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակին:

Երկրագետների, պատմաբանների, աստվածաբանների, քաղաքագետների և սովորական ընթերցողների համար նախատեսված այս գրքի թարգմանությունը թույլ է տվել ընդլայնել Արցախի մասին ստույգ տեղեկատվություն ստանալ ցանկացողների շրջանակը: Գիրքը տարածվել է Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հեղինակավոր գիտական հաստատություններում և գրադարաններում: -0-