ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշում են ղարաբաղյան հակամարտության կողմերի ոչ բավարար ջանքերը

29.07.2010, 13:31
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշում են ղարաբաղյան հակամարտության կողմերի ոչ բավարար ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշում են տարաձայնությունների հաղթահարման նպատակով ղարաբաղյան հակամարտության կողմերի ոչ բավարար ջանքերը, հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

«Լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխզիջման ոգու դրսևորման համար: Կողմերի ջանքերին աջակցելու նպատակով համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել սեպտեմբերի սկզբին», - նշվում է ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ ՄԽ խմբի անդամների հետ նախօրեին Վիեննայում կայացած հանդիպման հայտարարության մեջ:

Հանդիպման ընթացքում համանախագահները կարճատև զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ ընթացող վերջին զարգացումները, որոնց թվում են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, Ալմաթիում հուլիսի 17-ին կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, ինչպես նաև Մուսկոկում (Կանադա) և Ալմաթիում արված Լեռնային Ղարաբաղի համանախագահների համատեղ հայտարարությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-