Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է. Տեր-Պետրոսյան

17.07.2010, 12:28
Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է. Տեր-Պետրոսյան
Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է. Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի, այլ ոչ թե Արմուտքի ձեռքում է, հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ ի տարբերություն Արևմուտքի, որի առաջնահերթությունների թվում չէ ղարաբաղյան հարցը, Ռուսաստանը Հարավային Կովկասը միշտ համարել է իր կենսական կարևորություն ունեցող շահերի ոլորտը», - հայտարարել է նա՝ շաբաթ օրը ելույթ ունենալով ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Հայ համազգային շարժման (ՀՀՇ) 16-րդ  համագումարի ժամանակ:

Նրա խոսքերով՝ անկախ արտաքին-քաղաքական նախապատվություններից՝ Հայաստանի իշխանությունները պետք է գործեն այդ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում: «Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի իշխանությունները դեռ չեն գիտակցել դա, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ճիշտ են գնահատում  իրավիճակը», - կարծում է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ այս մասին են վկայում Ռուսաստանի հետ այդ երկու երկրների ակտիվացված կապերը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-