Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար

13.07.2010, 10:19
Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի. ԼՂՀ ԱԳՆ ղեկավար

Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի, Բելգիայի տարբեր համալսարանների ուսանողների և դասախոսների խմբի հետ հանդիպման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի»,- Պետրոսյանի խոսքը մեջբերեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ նրա, Ղարաբաղի անկախությունը երկրի ղեկավարության և ժողովրդի ոչ միայն այսօրվա քաղաքական կամքն է. դա հասկանալու համար պետք է անդրադառնալ պատմությանը:

«Եթե մենք իրավունք ենք ունեցել մեզ պարտադրված պատերազմը դադարեցնող փաստաթղթեր ստորագրել, ապա, բնականաբար, իրավունք ունենք կառուցել մեր ազատ ապագան: Հենց այս դրույթից ելնելով՝ պետք է դիտարկել շատ քայլեր, որոնք նախաձեռնում է և կնախաձեռնի ԼՂՀ-ն»,- նշել է Գեորգի Պետրոսյանը:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վրա` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է. «Մենք խոսում ենք իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքների մասին: Այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սիստեմատիկորեն հայտարարում են զավթողական նկրտումների մասին: Ուստի այսօրվա դրությամբ կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չկան, չնայած մենք Ադրբեջանին բազմիցս առաջարկել ենք նստել բանակցային սեղանի շուրջ»:

Հյուրերի խնդրանքով նախարարը պատասխանել է լայն շրջանակ ընդգրկող հարցերի, որոնք վերաբերվում էին ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ԼՂՀ հետպատերազմյան վերականգնումներին և տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարական գործընթացներին, միջազգային հանրությանը Արցախի մասին անաչառ տեղեկատվության ներկայացմանը և այլն:

Բելգիական պատվիրակության անդամները նկատել են ԼՂՀ նշանակալի հաջողությունները քաղաքացիական հասարակության կառուցման և տնտեսական առաջընթացի առումով:-0-