ԼՂՀ-ում Գանձասարի վանքի 770-ամյակին նվիրված ժողովրդական զբոսահանդես կանցկացվի

06.07.2010, 13:24
ԼՂՀ-ում Գանձասարի վանքի 770-ամյակին նվիրված ժողովրդական զբոսահանդես կանցկացվի
ԼՂՀ-ում Գանձասարի վանքի 770-ամյակին նվիրված ժողովրդական զբոսահանդես կանցկացվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գանձասարի վանքի 770-ամյակին նվիրված ժողովրդական զբոսահանդես կանցկացվի կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի հյուսիսում, հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Գանձասարի վանքի հիմնադրման տոնակատարության կառավարական հանձնաժողովի վերջին նիստում։

Միջոցառումների շրջանակներում հուլիսի 9-ին Ստեփանակերտում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատից Սիոն» ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև զբոսաշրջային ցուցահանդես կբացվի։

Նախարարի խոսքերով, հիմնական տոնակատարությունները կանցկացվեն հուլիսի 10-ին։

Շաբաթ օրը Գանձասարի վանքում կմատուցվի պատարագ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կանցկացվի հանդիսավոր ժողով, որի ընթացքում հանդես կգան ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, տեղի կունենա նաև վաստակավոր դեմքերի պարգևատրում «Գանձասար-770» հոբելյանական մեդալով։

Գանձասար վանքը գտնվում էր Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում (այժմ` Մարտակերտի շրջան), Խաչեն գետի ձախ ափին Վանք գյուղի դիմացի բլրի վրա։ Իր անունն ստացել է այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Գանձասարը առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Պահպանվել են տաճարը և գավիթը։ Արտաքին հարդարանքում ճարտարապետի ուշադրության կենտրոնում են եղել 16 նիստանի թմբուկը։ Թմբուկի նիստերը մեկընդմեջ ջլատված են անկյունաձև խորշերով, որտեղ տեղադրված են երկու կտիտորների, Ադամի և Եվայի, Քրիստոսի, Աստվածամոր բարձրաքանդակները։ Գավիթի արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը ինքնատիպ, բարձր վարպետությամբ կատարված, հարուստ քանդակազարդ արևմտյան շքամուտքն է։-0-