ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին

Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դիտարկումն անցկացվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք, որտեղ հունիսի 18-ին ադրբեջանական կողմը կոպիտ խախտել է հրադադարի ռեժիմը:
Հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Տվյալ պաշտպանական հատվածի համար պատասխանատու` ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ԵԱՀԿ առաքելության անդամներին ներկայացրել են ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն ջոկատի նենգ հարձակման մանրամասները, ինչի արդյունքում երկու կողմերն էլ կորուստներ են կրել:
Դիտարկման խումբը ադրբեջանական կողմից գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներրկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-