Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի փոխզիջումներ կարող են գտնել միայն երկու ժողովուրդները. Պուտին

08.06.2010, 18:01
Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի փոխզիջումներ կարող են գտնել միայն երկու ժողովուրդները. Պուտին
Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի փոխզիջումներ կարող են գտնել միայն երկու ժողովուրդները. Պուտին

Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ընդունելի հանգուցալուծումներ և փոխզիջումներ կարող են գտնել միայն երկու պետություններն ու երկու ժողովուրդները միմյանց հետ ընթացող գործնական երկխոսության ժամանակ, երեքշաբթի Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարների մամուլի ասուլիսի ռեպորտաժը տեղադրվել է «Вести.ру» կայքում:

«Նմանատիպ հարցերի լուծումը միշտ կողմերի համար ընդունելի փոխզիջումն է: Իսկ այն, ինչ ընդունելի է Ադրբեջանի կամ Հայաստանի համար, կարող են ասել միայն նրանք», - ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է, արդյոք, օգնություն ակնկալել Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում:

Ռուսաստանի վարչապետի խոսքերով` այդ գործընթացի մնացած բոլոր մասնակիցները կարող են հանդես գալ միայն որպես ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման երաշխավորներ:

«Մենք չենք ցանկանում, որպեսզի հետագայում ինչ-որ մեկը կարծի, թե մենք ճնշում ենք գործադրել կողմերից որևէ մեկի վրա և հասել ենք ինչ-որ մեկի համար անարդարացի լուծման», - ասել է Պուտինը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-