Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները
Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հարևան Ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականության օգտին և հայտարարել է, որ չի ընդունում մայիսի 23-ին Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վրաստանի արտգործնախարարությունը հաստատում է իր միանշանակ աջակցությունը Ադրբեջանական հանրապետության ինքնիշխանությանը և տարածաշրջանային ամբողջականությանը և չի ընդունում, այսպես կոչված, «խորհրդարանական ընտրությունները», որոնք անցկացվել են մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հինգշաբթի տարածած հայտարարությունում:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հակամարտության խաղաղ կարգավորման օգտին է հանդես եկել:
«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում ընթացող խաղաղ բանակցություններն այլըտրանք չունեն, և գործընթացը պետք է միջազգային սյուբեկտների մասնակցությամբ շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ վերջնական լուծման համաձայնություն չլինի»,- նշվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

