Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը հնարավորություն է ստեղծում, որ հակամարտությունն առավել արդար լուծում ունենա. ԵԱՀԿ ՄԽ

12.03.2010, 16:08
Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը հնարավորություն է ստեղծում, որ հակամարտությունն առավել արդար լուծում ունենա. ԵԱՀԿ ՄԽ

Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը հնարավորություն է ստեղծում, որ ղարաբաղյան հակամարտությունն առավել արդար լուծում ունենա, ուրբաթ Երևանում ասաց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Միջնորդները վերջերս մադրիդյան սկզբունքների լրացում առաջարկեցին կողմերին: Թարմացված սկզբունքները հնարավորություն են ստեղծում հակամարտության լուծման համար առավել արդար որոշում գտնելու համար»,- կարծում է Ֆասիեն:

Թարմացված Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հարցով համանախագահների կողմից ներկայացվել էր 2009թ.-ի դեկտեմբերին և 2010թ.-ի հունվարին: Դրանց մանրամասները չի հրապարակվում:

Ֆասիեն նշեց, որ ներկայում կարգավորման գործընթացը ակտիվացել է: Նա հիշեցրեց, որ վերջերս Փարիզում էր գտնվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, և  ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բանակցային գործընթացը: Համանախագահը նշեց, որ բանակցային գործընթացը քննարկվել է նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

«Հարցը շոշափվել է նաև Սերժ Սարգսյանի փարիզյան այցի ընթացքում: Իսկ չորեքշաբթի Ֆրանսիա կժամանի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, և քննարկումը կշարունակվի»,- ասաց նա:

ԵԱՀԿ ՄԽ-ի ժամանակագրությունը ներկայացնելով՝ ֆրանսիացի համանախագահն ավելացրեց, որ հաջողվել է կողմերին առաջարկել, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, որոնք ներառում են ժողովուրդների հավասարության սկզբունքը, ինքնորոշման իրավունքը, սահմանների ամբողջականությունն ու ուժ չկիրառելու սկզբունքը:

Ինչպես նշեց միջնորդը, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն հիմնվեր Ադրբեջանի առաջարկած տարածքային ամբողջականության սկզբունքի և հետո միայն՝ ազգի ինքնորոշման վրա, ապա դա ոչ մի արդյունքի չէր հանգեցնի:

«Պետք է համատեղել այդ սկզբունքները: Մենք չենք կարող մի երկրին հայամետ, իսկ մյուսին ադրբեջանամետ սկզբունքներ առաջարկել: Որոշումը հիմնված է սկզբունքների միասնականացման վրա»,- նշեց նա:

Համանախագահն ավելացրեց նաև, որ որոշ երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը ինչ-որ կերպ փոխել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, քանի որ Ադրբեջանը փորձում էր առաջնահերթությունը տալ տարածքային ամբողջականությանն ու անտեսել մյուսները:

Մադրիդյան փաստաթուղթն, ըստ նրա, բանակցություններին առաջընթաց տվեց, միացրեց կարգավորման երեք հիմնական սկզբունքները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-