Ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում Ադրբեջանը հաղթել չի կարող. ԵԱՀԿ ՄԽ
Ադրբեջանը չի կարող հաղթել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ուրբաթ Երևանում ասաց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
«Պատերազմի վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի, քանի որ ես անձամբ եմ ծանոթ հայ և ղարաբաղցի մարտիկների խիզախությանը»,- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անցկացրած «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Ֆասիեն:
Ֆասիեն կարծում է, որ պատերազմն օգուտ չի բերի Ադրբեջանին, քանի որ էական վնաս կհասցնի վերջինի ֆինանսական շահերին, նավթի առևտրին:
Համանախագահը հստակեցրեց, որ միջազգային ներդրողները, ովքեր միջոցներ են ներդնում Ադրբեջանի տնտեսության մեջ, չեն ցանկանա, որ իրենց միջոցները վտանգի ենթարկվեն և կհրաժարվեն ներդրումներից: Ֆրանսիացի համանախագահի կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ցուցադրական բնույթ ունեն:
«Ժողովուրդները պետք է հասկանան, որ իրենք ընդմիշտ հարևաններ են և միշտ կողք-կողքի ապրելու են մատնված»,- նշեց Ֆասիեն՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը և պատերազմի վերսկսումը ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումները չեն:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

