Թարմացված Մադրիդյան սկզբունքները դեռ չեն ներկայացվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը

12.03.2010, 14:58
Թարմացված Մադրիդյան սկզբունքները դեռ չեն ներկայացվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը դեռ պաշտոնապես չեն ներկայացվել թարմացված Մադրիդյան սկզբունքները, ուրբաթ լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշի հետ հանդիպումից հետո:

«Մենք սպասում ենք, որ մոտակա շաբաթվա ընթացքում նախատեսված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում մեզ պաշտոնապես կներկայացվեն թարմացված սկզբունքները», - ասաց ԼՂՀ խորհրդարանի նախագահը՝ ճշտելով, որ Ղարաբաղի իշխանությունները ծանոթ են թարմացված Մադրիդյան սկզբունքներին ոչ պաշտոնական աղբյուրներից:

Թարմացված Մադրիդյան սկզբունքները ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին 2009 թ.-ի դեկտեմբերին և 2010 թ.-ի հունվարին, սկզբունքների մանրամասները չեն հրապարակվում:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-