ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Աբխազիայի հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի մահվան առնչությամբ

05.03.2010, 17:51
ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Աբխազիայի հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի մահվան առնչությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բաղապշին` Վլադիսլավ Արձինբայի մահվան կապակցությամբ:

«Աբխազիան և նրա ժողովուրդը ծանր կորուստ կրեցին: Կյանքից հեռացավ Աբխազիայի Հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Գրիգորիի Արձինբան:

Վլադիսլավ Արձինբան կանգնած է եղել Աբխազիայի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, գլխավորել է նրա պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկը: Նրա ղեկավարությամբ Աբխազիան արժանապատվորեն հաղթահարել է բոլոր դժվարությունները և ամուր կանգնել իր պետականության հետագա ամրապնդման ուղու վրա»,- ասվում է նախագահի ցավակցական ուղերձում, որը ուրբաթ տրամադրել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ուղերձում նշվում է, որ Վլադիսլավ Գրիգորիի Արձինբային գիտեն Աբխազիայի սահմաններից դուրս: «Արցախում նրա հանդեպ տածում են ջերմ զգացմունքներ և խորին հարգանք»,- ասվում է հեռագրում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Աբխազիայի եղբայրական ժողովրդին` անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասվում է ԼՂՀ նախագահի ցավակցական ուղերձում:

Վլադիսլավ Արձինբան հինգշաբթի 65 տարեկան հասակում մահացել է Մոսկվայում: Փետրվարի 25-ից նա բուժվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Աբխազիայի Առողջապահության նախարարության տվյալներով Աբխազիայի առաջին նախագահը «անբուժելի հիվանդություն է ունեցել»: -0-