Ղարաբաղի Սահմանադրության ընդունումը նախագուշակեց ԼՂՀ պետկառուցման ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների նոր փուլի մեկնարկը. խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունումը նախագուշակեց ԼՂՀ պետկառուցման ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների նոր փուլի մեկնարկը, նախօրեին ԼՂՀ ԱԺ 8-9-րդ նստաշրջաններում և, ընդհանուր առմամբ, չորրորդ գումարման ընթացքում խորհրդարանի գործունեության արդյունքների վերաբերյալ հանգամանալի ելույթի ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:
Նրա խոսքերով, այդ բարեփոխումները վերաբերում էին պետական կառավարման բոլոր ոլորտներին, այդ թվում նաև՝ հանրապետության օրենսդիր մարմնի լիազորություններին և գործառույթներին:
«Մասնավորապես, երկրի Մայր օրենքով նախատեսված բարեփոխումների գործընթացի իրագործված իրողություններից առաջիններից մեկը խորհրդարանի համաձայնությամբ ԼՂՀ վարչապետի նշանակումն էր, որը տեղի ունեցավ 2009թ.-ի սեպտեմբերի 14-ին, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը՝ 2008թ.-ի ապրիլի 16-ին, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի նշանակումը՝ 2007թ.-ի հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ գլխավոր դատախազի նշանակումը՝ 2007թ.-ի դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը՝ 2007թ.-ի դեկտեմբերի 26-ին, ԼՂՀ գերագույն դատարանի դատավորի նշանակումը՝ 2008թ.-ի ապրիլի 16-ին և ԼՂՀ ԱԺ-ից Արդարադատության խորհրդի երկու անդամ-փաստաբանների նշանակումը՝ 2009թ.-ի մարտի 25-ին», - տեղեկացրեց Ղուլյանը:
Ղարաբաղի խորհրդարանի նախագահը նշեց, որ անցած երեք տարվա ընթացքում երկրի Մայր օրենքի ընդունումից հետո ԼՂՀ Ազգային ժողովը աշխատանքներ իրականացրեց հանրապետության Սահմանադրության պահանջներին գործող օրենսդրությունները համապատասխանեցնելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղում 2006 թ.-ի դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն: Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը «կողմ» էր քվեարկել 77 279 քաղաքացի, «դեմ» քվեարկածների թիվը 554-ն էր:
Հանրաքվեի ընթացքին հետևում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Խորվաթիան, Սերբիան, ինչպես նաև Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսեթիան ներկայացնող ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ և լրագրողներ:-0-

