Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում. ԼՂՀ նախագահ
Ղարաբայղան հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում, կիրակի հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի և նրան ուղեկցող անձանց հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում:
Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական և ռազմատենչ մոտեցումներից: Միաժամանակ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, և այդ փաստի անտեսման ցանկացած փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը:
Իր հերթին Ռոբերտ Բրադտկեն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:
Հանդիպմանն արծարծվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական և ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ չփոխկապակցված գործընթացներ են:-0-

