ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ

11.01.2010, 17:45
ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Ֆադեյ Սարգսյանի մահվան կապակցությամբ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ցավակցական ուղերձ է հղել Ֆադեյ Սարգսյանի ընտանիքին:

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա հայտնի պետական և քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին: Կյանքի հարուստ փորձը, խորը և բազմակողմանի գիտելիքները, մարդկային լավագույն որակները բարձր հարգանք և ճանաչում են բերել նրան` որպես հայ ժողովրդի արժանավոր զավակի ու քաղաքացու, տաղանդավոր տնտեսվարի, վաստակավոր գիտնականի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տրամադրել ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։

 

Փաստաթղթում նշվում է, որ Ֆադեյ Տաճատի Սարգսյանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայաստանի զարգացմանը, սոցիալ-տնտեսական աճի ապահովմանը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը:

 

«Ճշմարիտ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում: Այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն և զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին»,- ասվում է ԼՂՀ նախագահի ուղերձում։ -0-