Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
«Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - տեղեկացրեցին ԱԳՆ-ից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-

