Լեռնային Ղարաբաղի նախագահը մի խումբ գիտնականների և ակադեմիկոսների է ընդունել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախորդ ուրբաթ ընդունել է Արցախի պետական համալսարանի 40-ամյակի տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած մի խումբ գիտնականների և ակադեմիկոսների:
Ւնչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին` երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նրանց ԼՂՀ Նախագահի հրավերն ընդունելու համար և նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է:
Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի գիտական ներուժի ներգրավմամբ հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետազոտումն ու դրանց լուծման ուղիների մշակումը: Միաժամանակ նախագահն ընդգծել է ծրագրի մանրակրկիտ պատրաստման և դրա հետևողական իրագործման կարևորությունը:
Իրենց կողմից հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել ԼՂՀ հետագա զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք բուհերի ռեկտորներ, ակադեմիկոսներ:-0-