Ղարաբաղի Մարտունի քաղաքի մոտակայքում ականի վրա ավտոմեքենա է պայթել

Ղարաբաղի Մարտունի քաղաքի մոտակայքում հակատանկային ականի վրա պայթել է «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենայի վարորդ, Մարտունու բնակիչ Վլադիմիր Մուսայելյանը տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Մուսայելյանի հետ միասին մեքենայում է գտնվել նաև ԼՂՀ Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Վիլեն Գրիգորյանը, ով տեղափոխվել է Մարտունու շրջանային հիվանդանոց:
«The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության հետախուզման բաժնի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ստանալով ահազանգը՝ կազմակերպության աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր և սկսել են տեղանքի հետազոտությունը:
«Պայթած ականի մոտակայքի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է «ՏՄ-57» տեսակի ինը հակատանկային ական: Այս տարածքում բավականին շատ ականներ կան, և մեր կազմակերպությունը առաջիկա օրերին համապատասխան քարտեզ կմշակի, և այդ տեղանքն ամբողջովին կականազերծվի», - ասել է «The HALO Trust» կազմակերպության ներկայացուցիչը:
Տեղանքում հայտնաբերված ականների մի մասը կազմակերպության մասնագետների հսկողությամբ տեղում ոչնչացվել է:
«The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը ԼՂՀ իշխանությունների հրավերով 2000թ.-ից զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ:-0-