Ղարաբաղի դաշտերում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել մկնանման կրծողների աննախադեպ վարակի պատճառով

21.10.2009, 11:32
Ղարաբաղի դաշտերում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել մկնանման կրծողների աննախադեպ վարակի պատճառով

Լեռնային Ղարաբաղի դաշտերում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել մկնանման կրծողների աննախադեպ վարակի պատճառով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

վարչությունից, վնասատուների տարածումը կանխելու և վարելահողերի բավարար բերքատվությունն ապահովելու նպատակով ստեղծվել է օպերատիվ միջոցառումների անցկացման հանրապետական շտաբ՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:


Շտաբում նախօրեին հավաքվել է առաջին խորհրդակցությանը` հստակեցնելու առաջիկա անելիքները:

ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ հաշվի առնելով նախորդ օրերին կատարված ուսումնասիրությունները և մասնագետների առաջարկությունները` որոշվել է վնասատուների դեմ պայքարը ծավալել նախկինում փորձարկված միջոցներով, այն է` չմշակված հողատարածքների հերկ և թունանյութերի ցրում:

Նախատեսվել է համալիր միջոցառումներ իրականացնել հանրապետության հարթավայրային հողատարածքներում` պայքարի մեջ ընդգրկելով բոլոր շահագրգիռ պետական կառույցները և համայնքները: Խնդիր է դրվել ամբողջովին հերկել առկա հողատարածքները և աշնանացանից դուրս մնացած վարելահողերում ցանել գարի: Այդ նպատակով հողատերերին կտրվի պետական օժանդակություն:

ԼՂՀ վարչապետը զգուշացրել է, որ այն տարածքներում, որտեղ չեն կատարվի անհրաժեշտ միջոցառումները, վարձակալներն ու սեփականատերերը պատասխանատվություն կկրեն:

Շրջվարչակազմերի ղեկավարները հստակ հրահանգ են ստացել` առաջնորդվել լավ կազմված միջոցառումային պլաններով և աչքաթող չանել ոչ մի հողակտոր:

ԼՂՀ վարչապետի խոսքերով, դաշտային վնասատուների դեմ պայքարը գտնվելու է ամենօրյա խիստ հսկողության ներքո:

«Ամեն ինչ պետք է կատարվի ժամանակին և բարեխղճորեն, հակառակ դեպքում գյուղատնտեսական աղետը անխուսափելի կլինի» -  նշել է Հարությունյանը:

Նախատեսվում է պայքարի միջոցառումները շարունակել մինչև գալիք տարվա գարնանավերջ:-0-