ԼՂՀ նախագահը պարգևատրման մասին հրամանագրեր է ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի պարգևատրման և պատվավոր կոչումներ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Բարեգործական նշանակալի գործունեության համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են. Էմանուել դե Լաբարը (հետմահու)` բարեգործ (Փարիզ, Ֆրանսիայի Հանրապետություն), Միշել Պազումյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի փոխատենապետ, տարածքային զարգացման մասնագետ:
Բժշկագիտության և առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Նույն օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:
Օրենքը հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2009 թ.-ի սեպտեմբերի 16-ին: -0-

