Բաքուն պատրաստ է գնալ փոխզիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Ադրբեջանի ԱԳՆ

06.10.2009, 15:19
Բաքուն պատրաստ է գնալ փոխզիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն իր սկզբունքային դիրքորոշման հետ մեկտեղ պատրաստ է գնալ փոխզիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Իրավիճակը բարդ է: Հայ-ադրբեջանական, լեռնային-ղարաբաղյան հակամարտությունը չունի հարյուրտոկոսանոց միակողմանի լուծում: Կա միայն փոխզիջումային տարբերակ, և Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր փոխզջումների ցանկը: Պնդելով իր սկզբունքային դիրքորոշումը՝ Ադրբեջանը պատրաստ է գնալ փոխզիջումների», - ասել է Ազիմովը երեքշաբթի լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Փոխարտգործնախարարը նշել է, որ որպես փոխզիջում՝ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի շրջանին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ և կողմ է հակամարտության լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնարար համարվող երեք սկզբունքների հիման վրա:

Նրա խոսքերով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը, արդեն գնալով այս փոխզիջումներին, «հասել է կամրջի կեսին և սպասում է, որ Հայաստանը ևս կհեռանա իր մաքսիմալիզմից և կմոտենա կամրջի կեսին»:

«Հայաստանը պետք է համաձայնի և հայտարարի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում այս հակամարտությունը լուծելու համաձայնության մասին: Եթե այս ամենը ձեռք չբերվի, ապա նշանակում է, որ չկա ընդհանուր հայեցակարգային համաձայնություն, որպեսզի կողմերը հետագայում շարունակեն քննարկումները», - նշել է Ազիմովը:

Նրա խոսքերով՝ հակամարտությունը վերջնականապես լուծելու համար ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա իր հայրենի օջախ և բնակվի այնտեղ հայկական համայնքի հետ միասին: «Այս ամենից հետո հաջորդ փուլում կարելի է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», - նշել է փոխարտգործնախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-