Ստեփանակերտում բացվել է չեխ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես

10.09.2009, 15:31
Ստեփանակերտում բացվել է չեխ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախին նվիրված չեխ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես ! բացվել Ստեփանակերտի մաշկույթի և երիտասարդության պալատում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հասարակության ներկայացուցիչներ, արվեստասերներ:

Չեխիայի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը, ով ծնունդով ղարաբաղցի է, տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա մարտի 4-ին Պրահայում կազմակերպվել էր մեծ ցուցահանդես՝ «Հնագույն երկիր Արցախ» խորագրով:

Գարիկ Ավանեսյանը բազմիցս այցելել է Ղարաբաղ գործընկերների հետ, և այդ այցելությունների արդյունքում որոշվել է լուսանկարներում ներկայացնել Արցախն ու նրա բնակիչներին՝ իրենց առօրյայով, կենցաղով և հոգսերով:

«Այն բանից հետո, երբ մենք եկանք և տեսանք, թե որքան շատ նյութեր ունենք, գաղափար ծագեց կազմակերպել ցուցահանդես, որը որոշեցինք անվանել «Հնագույն երկիր Արցախ»: Մենք փորձեցինք ցույց տալ աշխարհին, թե ինչ ժողովուրդ է բնակվում Լեռնային Ղարաբաղում և ինչպիսի երկիր է այն: Այն, ինչ վերապրեց Արցախը 20 տարի առաջ, ես նկատի ունեմ պատերազմը, շատ է ազդել երկրի վրա: Ես դա տեսնում եմ, քանի որ լուսանկարել եմ Ղարաբաղը պատերազմից առաջ: Այնուամենայնիվ, ղարաբաղցիների բնավորությունը նույնն է մնացել», - նշել է Ավանեսյանը:

«Եթե դա իմ ուժերի սահմաններում լիներ, ապա ես կմնայի այստեղ նվազագույնը մեկ տարի՝ լուսանկարելու և կրկին լուսանկարելու համար: Եթե ես հնարավորություն ունենայի, ապա ես կդիմանկարեի Ղարաբաղում բնակվող յուրաքանչյուրին՝ առանց բացառության», - ասել է Ավանեսյանը:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեին գնահատել «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը, որը նկարահանվել էր 2008 թ.-ին չեխ վավերագրող Պետեր Հեյցմանի կողմից: Տեղի է ունեցել նաև «Հնագույն երկիր Արցախ» չեխ լուսանկարիչների ալբոմ-գրքի շնորհանդեսը: Հեղինակները որոշեցին թողնել բոլոր ցուցադրված լուսանկարները Լեռնային Ղարաբաղում:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ:-0-