ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի դպրոցի նոր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին

09.09.2009, 14:24
ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի դպրոցի նոր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի միջնակարգ դպրոցի նոր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով կառուցվող դպրոցի աշխատանքներն իրականացնող Արամ Գրիգորյանին, շենքի ներքին հարդարման աշխատանքներն արդեն ավարտվել են:

«Իրականացվում է ջեռուցման համակարգի մոնտաժն ու բարեկարգման աշխատանքները, իսկ շենքի արտաքին հարդարումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի սեպտեմբերի վերջին»,- տեղեկացրեց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ դպրոցը կունենա ջրամատակարարման և լոկալ ջեռուցման համակարգ, սակայն կա դպրոցի մշտական ջրամատակարարման հետ կապված խնդիր:

«Ամենայն հավանականությամբ՝ մոտ օրերս այդ խնդիրը տեխնիկական տեսակետից կլուծվի, և դպրոցը կապահովվի մշտական ջրամատակարարմամբ», - նշել է Գրիգորյանը:

Դպրոցի նոր եռահարկ շենքը նախատեսված է 130 աշակերտի համար (դպրոցի նախկին շենքը նախատեսված էր 85 աշակերտի համար): Կստեղծվեն բոլոր պայմանները՝ նորմալ ուսումնական գործընթացի ապահովման համար, նախատեսված են համարագչային դասասենյակներ, գրադարան, մարզադահլիճ:

Դպրոցը կունենա նաև բաց մարզահրապարակ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ (563 հազար դոլար):

2008 թ.-ի հոկտեմբերին մեկնարկած դպրոցի նոր շենքի շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության միջոցներով: Իրականացվող աշխատանքների որակը հսկվում է ինչպես «Հայաստան» հիմնադրամի, այնպես էլ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների կողմից:-0-