Ադրբեջանական քարոզչամեքենան խափանվում է. ԼՂՀ ԱԳՆ

27.08.2009, 18:11
Ադրբեջանական քարոզչամեքենան  խափանվում է. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ադրբեջանական կարոզչամեքենան խափանվում է։

Այսպես, ԼՂՀ ԱԳՆ-ում մեկնաբանեցին նաև Բաքվում հնչած մեկնաբանությունները Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ «Էխո Մոսկվի» ռադիոընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ։ 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը, Day.Az-ին մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ «Էխո Մոսկվի» ռադիոընկերությանը տված հարցազրույցը, մեղադրել է նրան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման մեջ և տարօրինակ եզրահանգում է արել. «Տվյալ դեպքում երևում է Շավարշ Քոչարյանի՝ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ չլինելն ու բանակցային գործընթացի շատ փուլերին չմասնակցելը»։

«Հետաքրքիր է, որ «գերիրազեկ» Պոլուխովը չբերեց և ոչ մի փաստարկ իր դիրքորոշման օգտին և սահմանափակվեց միայն մերկապարանոց մեղադրանքով: Ամենայն հավանականությամբ, վերջին ժամանկներում ավելի ու ավելի հաճախ խափանման նշաններ ցույց տվող ադրբեջանական քարոզչամեքենան ներկայում ակնհայտ կերպով խափանվում է»,- ասվում է հինգշաբթի ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած մեկնաբանության մեջ։

Փաստաթղթում ասվում է, որ Շավարշ Քոչարյանին բավական էր թեթևակի  հիշեցնել ԼՂՀ-ի մասին, որ սկսվեր «նեյնիմ-նեյնիմը»։
 
Ղարաբաղի ԱԳՆ-ից նշում են, որ ադրբեջանցի պաշտոնյան ասելիք չունի, բայց «դադարը պետք էր ինչ-որ կերպ լրացնել»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-