Հնագետները անտիկ գեմմա են հայտնաբերել Արցախի Տիգրանակերտը պեղելիս

10.08.2009, 19:08
Հնագետները անտիկ գեմմա են հայտնաբերել Արցախի Տիգրանակերտը պեղելիս
Հնագետները անտիկ գեմմա են հայտնաբերել Արցախի Տիգրանակերտը պեղելիս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հնագետները Արցախի Տիգրանակերտը պեղելիս մեջքին արծվով եղջերուի պատկերով անտիկ գեմմա են հայտնաբերել: 

«Ներկայում պեղումներն ընթանում են երեք հիմնական հատվածում՝ միջնաբերդի կենտրոնական հատվածում, միջնաբերդի հյուսիսային պատի հատվածում և բազիլիկային եկեղեցու հատվածում»,- լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի արցախյան Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:  

Արշավախմբի ղեկավարը հայտնեց, որ առաջին հատվածում անտիկ շինությունները գրեթե ոչնչացված են, և հիմնական մշակութային շերտը վաղ միջնադարի անկանոն խրճիթներն են կազմում /4-8-րդ դդ/ և ծուռ պատերով մասամբ զարգացած խրճիթները /12-13 դդ/ ՝ կառուցված քարից և մեծ սափորների ու թոնիրների մնացորդներով ու ցեխով: 

«Մաքուր անտիկ շերտը ներկայում դրսևորվում է միայն կղզյակների տեսքով՝ ցուցադրելով մ.թ.ա. առաջին տարիների և մեր թվարկության գունավոր կերամիկական իրերի կատարյալ նմուշներ: Հատկապես կարելի է առանձնացնել անտիկ գեմմայի գտածոները և վաղ միջնադարի կավե նմուշները, որոնք վկայում են այն մասին, որ Տիգրամակերտը կարևոր վարչական-առևտրային դեր է ունեցել»,- նշեց Պետրոսյանը:  

Հնագիտական արշավախմբի ղեկավարը հայտնեց, որ միջնաբերդի հյուսիսային պատի հատվածում շարունակվում են պատի բացման աշխատանքները:  

«Պատի մաքրած հատվածը ներկայում ավելացել է ևս 20 մետրով՝ հասնելով 80 մետր երկարության: Պատն ավելի բարդ ճարտարապետական կերպարանք ունի, քան կարելի էր ենթադրել: Շուտով մենք հատուկ պաշտպանական հրապարակի, հնարավոր է նաև նոր աշտարակի ականատեսը կդառնանք: Շուրջ 10 հա տարածություն գրավող թեք լեռնային իջվածքի մշակումը հիմք է տալիս ենթադրելու, որ ի դեմս Տիգրանակերտի մենք գործ ունենք կովկասյան տարածաշրջանի ամենահզոր լանդշաֆտային հուշարձաններից մեկի հետ: Մի հանգամանք, որը նոր հանձնարարականներ է առաջ քաշում ոչ միայն հետազոտության, այլև պահպանման տեսակետից»,- ասաց Պետրոսյանը:    

Խոսելով բազիլիկային եկեղեցու հիմնական շինության պեղումների մասին՝ արշավախմբի ղեկավարը հայտարարեց, որ դրանք մոտենում են ավարտին:  

Արցախյան Տիգրանակերտի 2009 թ.-ի պեղումները վերսկսվել են հունիսի կեսերին և կընթանան մինչև օգոստոսի վերջը: Պեղումների ֆինանսավորումն իրականացնում են ԼՂՀ իշխանությունները, կազմակերպչական աշխատանքները համակարգում են ԼՂՀ կառավարությանը կից Զբոսաշրջության վարչությունն ու «Տիգրանակերտի արգելոց» ՊՈԱԿ-ը:

Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են 2005 թ.-ից ՝ «Երկիր» միության նախաձեռնությամբ։

Աշխատանքների առաջին տարում ճշտվել էր քաղաքի կոնկրետ գտնվելու վայրը, իսկ 2006 թ.-ին իրականացվել են պեղումներ քաղաքի և դրա շրջակա միջավայրի տարբեր մասերում, որոնք ի հայտ են բերել միջնաբերդի մի մասը, քաղաքի ամրացված մասի սանդղավանդերից մեկի հիմնապատը, կենտրոնական շրջանում գտնվող վաղքրիստոնեական բազիլիկան։

Պեղումները վկայում են այն մասին, որ Տիգրանակերտը կառուցվել է միասնական պլանի հիման վրա և կատարյալ կառուցապատմամբ հզոր քաղաք-ամրոց է, ունեցել է քաղաքային բարձր մշակույթ և դարերի ընթացքում պահպանել է հայկական պատկերը-0-