Հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող տեղաշարժերը չպետք է վնասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԼՂՀ նախագահ

10.07.2009, 15:07
Հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող տեղաշարժերը չպետք է վնասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԼՂՀ նախագահ

Հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող տեղաշարժերը չպետք է վնասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ուրբաթ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնը Ստեփանակերտում մեկնարկած արցախյան խնդրի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

«Միանշանակ է, որ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող որևէ տեղաշարժ չպետք է և չի կարող ձեռնարկվել ի վնաս ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Երկու տարբեր հարթություններում գտնվող խնդիրները փոխկապակցելու նման մոտեցումներն անպայման փակուղու կհանգեցնեն», - ընդգծեց Սահակյանը:

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները բարդ և բազմաշերտ խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն քաղաքական և տնտեսական ոլորտներին, այլև կախված է մի շարք պատմական և հոգեբանական գործոններից, որոնք իրենց ազդեցությունն ունեն քաղաքական իրողությունների և զարգացումների վրա:

«Արցախյան խնդրի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված ևս մեկ հարց է մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Այսօր, ինչպես երբևէ, մենք պարտավոր ենք միասնական ճակատ ունենալ՝ համազգային նպատակների իրականացման, իրավիճակի ճիշտ գնահատման համար ոչ միայն խոսքով, կարծիքով, այլև մեր առջև ծառացած խնդիրների համախմբված և համատեղ լուծման համար: Դա վերաբերում է ինչպես Հայաստանին, Սփյուռքին, այնպես էլ Արցախին: Մեզ աշխատանք է անհրաժեշտ, որը կհամախմբի հայ ժողովրդի ողջ ներուժը՝ վստահելի հիմք ստեղծելով մեր պայքարի համար», - ընդգծեց Սահակյանը:

Նրա խոսքերով՝ հենց այս տեսակետից է ղարաբաղյան կողմը կարևորում և բարձր  գնահատում Դաշնակցության նախաձեռնությունը՝ անցկացնել  համահայկական կոնֆերանսն Արցախում, «որտեղ մենք հետևողականորեն ամրապնդում ենք մեր անկախությունը, որը ձեռք ենք բերել բազմաթիվ զոհերի և զրկանքների հաշվին»:

Այս ճանապարհին մենք համատեղ  ջանքերով արդեն կարողացել ենք մեծ և փոքր հաղթանակներ արձանագրել, մենք նաև մեզ վրա ենք վերցնում ինչպես հաջողությունների, այնպես էլ խնդիրների պատասխանատվությունը, որոնք դեռևս լուծում են պահանջում: Միայն համազգային նպատակների և առաջնահերթությունների խորը գիտակցումը թույլ կտա հաղթահարել մեր առջև ծառացած բարդություններն ու չեզոքացնել սպառնալիքները», - ընդգծեց Սահակյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերը՝ կարելի է լուծել բոլոր խնդիրները, կառուցել և բարեկարգել հայկական երկու պետությունները՝ ստեղծելով արժանի ապագա գալիք սերունդների համար:-0-