Ստեփանակերտում ավարտվել է Ուժային եռամարտի մրցաշարը
Շաբաթ օրը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարզա-առողջարարական համալիրում ավարտվել է պառկած դիրքից ծանրաձողի բարձրացմամբ ուժային եռամարտի մրցաշարը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, յոթ քաշային կարգերում ուժերը չափեցին 25 մարզիկներ։
Մրցաշարի արդյունքներով՝ մինչև 60 կգ քաշային կարգում մրցանակային առաջին տեղերը զբաղեցրել են Ազատ Սարգսյանը, մինչև 67,5 կգ-ում՝ Նարեկ Գևորգյանն ու մինչև 45 կգ-ում՝ Վագիֆ Մինասյանը։ Բոլոր մարզիկները ներկայացնում էին ԼՂՀ Պաշտպանության բանակը։
Մինչև 82,5 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Նանսեն Մելքումյանը՝ Ասկերանից, մինչև 90 կգ քաշային կարգում առաջինն էր Սպարտակ Մխիթարյանը, մինչև 100 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արկադի Զախարյանն ու մինչև 100 կգ ու բարձր քաշային կարգում հաղթել է Սարգիս Վարսայանը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակից։
Լեռնային Ղարաբաղում արդեն երկրորդ անգամ անցկացվող ուժային եռամարտի առաջնությունն այս տարի կազմակերպվել էր ԼՂՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի և ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ։-0-

