Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բեկումնային պահ կարող է արձանագրվել Սանկտ Պետերբուրգում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բեկումնային պահ կարող է արձանագրվել Սանկտ Պետերբուրգում մեկ ամիս անց կայանալիք հանդիպման ընթացքում, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քայլ առ քայլ շարժվում են այդ հարցի ուղղությամբ, ու թեև բեկումնային պահ դեռևս չի արձանագրվել, սակայն նրանք հիմք են ստեղծել դրա համար», - ասել է Բրայզան Պրահայում «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։
Խոսելով ղարաբաղյալ հակամարտության կարգավորման հիմնարար խնդիրների վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումների մասին՝ Բրայզան կարևորել է այն, որ վերջնական որոշումը հավասարակշռությունը կլինի։
«Դա ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի բացառման սկզբունքների միջև հավասարակշռությունն է։ Եվ դա հնարավոր է։ Հնարավոր է կառուցել նման հավասարակշռություն, սակայն դա շատ բարդ խնդիր է։ Եվ այդ պատճառով այդ բանակցություններն այդքան երկար են շարունակվում», - ասել է համանախագահը։
Բրայզայի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ ձեռք բերված որոշումն «ընդունելի լինի մեր գործընկերների համար»։ «Եվ մենք կարող ենք շատ լավ համագործակցել Ռուսաստանի հետ այդ ոլորտում», - ավելացրել է Բրայզան։
Նա նշել է, որ բանակցությունների կարևոր առարկա է նաև Ղարաբաղի և Ադրբեջանի շրջանների հարցը, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։
«Եվ ես կարծում եմ, որ վերջապես այդ տարածքները կվերադարձվեն, հնարավոր կլինի նաև այդ տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձը։ Այժմ չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ։ Մենք գիտենք, որ այնտեղ նոր իրավիճակ է։ Ինչպե՞ս սահմանել այդ իրավիճակը. այս մասին են բանակցությունները», - ասել է Բրայզան։
Այս կապակցությամբ նա կարևորել է Մոսկվայում Իլհամ Ալիևի արած հայտարարությունը, որի համաձայն պետք է ստեղծվի Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք։
Բրայզան կարծում է, որ այդ հայտարարությունը մեծ քայլ է առաջ, քանի որ «նախագահը խոսել է Ղարաբաղի բնակչության ինքնորոշման և ինքնավարության իրավունքի մասին»։
Համանախագահը նշել է, որ նման կերպ Ալիևը պատրաստում է իր քաղաքացիներին թեև դժվարին, սակայն փոխզիջումների։ Բրայզայի կարծիքով՝ այդ փոխզիջումները կիրագործվեն։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-