ԼՂՀ հասարակական կառույցներին անհանգստացնում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ հասարակական կառույցներին անհանգստացնում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայտարարությունը:
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:
«Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը` դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից` քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով»,- ասված է Ստեփանակերտում ապրիլի 30-ին անցկացված ԼՂՀ հասարակական կառույցների խորհրդակցության հայտարարության մեջ :
Փաստաթղթում նշվում է, որ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ անիրավազոր միջազգային պայմանգրերով նրա տարածքների բաժանման ու զավթման հետևանքով, և արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են:
«Գտնում ենք, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության և հասարակության լայն շրջանակների խիստ և անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետևեցին «Ճանապարհային քարտեզի» երեւան գալուն` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Եվ չկա որևէ նախադրյալ Հայկական կողմից իրավիճակը այլ կերպ գնահատելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
ԼՂՀ հասարակական կառույցները համարում են, որ «Ճանապարհային քարտեզի» հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին, թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման , այլ նաև ողջ հայության համար բարոյահոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: Ըստ նրանց, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի և արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո:
«Պնդում ենք, որ խնդիրները առանձնացնելու միջոցով Հայությունը բաժանելու փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ և Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն:
Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական են»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0--