Ղարաբաղյան կուսակցություններն անընդունելի են համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու փորձը

Ղարաբաղյան կուսակցություններն անընդունելի են համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու կամ քննարկման առարկա դարձնելու որևէ փորձ։
«Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի կամ քննարկումների առարկա դարձնելու որևէ փորձ, ուստի մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ոչ թե մոռացության կամ հաշտվողականության հորդորներ հղել հայ ժողովրդին, այլ հետամուտ լինել, որպեսզի Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի և մարդկության դեմ գործած ոճրի փաստը` նյութական և բարոյական փոխհատուցման հանձնառությամբ հանդերձ»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Արցախի քաղաքական կուսակցությունների տրամադրած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական վերջին զարգացումները, որ դրսևորվում են տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների ճշտման գործընթացներով, շոշափում են նաև հայ ժողովրդի կենսական նշանակության հարցեր, ինչը մտահոգության տեղիք է տալիս:
«Որպես ոչ վաղ անցյալում ցեղասպանության իրական սպառնալիքը դիմագրաված և պարտադրված պատերազմում անկախության և ինքնիշխանության անկապտելի իրավունքը պաշտպանած ժողովրդի քաղաքական կամքի կրողներ, մենք դիմում ենք տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը` երբեք հարցականի տակ չառնել Արցախի ժողովրդի ինքնիշխանոթյունը և անկախ պետության իրողությունը»,- ասվում է փաստաթղթում:
Հայտարարության հեղինակները համոզված են, որ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ծիրում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության և օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը և արդարության հաստատմանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—