Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ կանցկացվի
Ապրիլի 23-ին Ստեփանակերտում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ կանցկացվի, երեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին հայտարարեց ՀՅԴ ԿԿ Արցախի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
Նրա խոսքերով՝ երթը կսկսվի հինգշաբթի երեկոյան ժամը 19.00-ին Սբ. Հակոբ եկեղեցու մոտից և կընթանա դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր։
ՀՅԴ ԿԿ Արցախի ներկայացուցիչը կոչ արեց բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ միջոցառմանն ու դրանով իսկ դրան զանգվածային բնույթ հաղորդել։
Միջոցառման կազմակերպիչը ՀՅԴ երիտասարդական թևն է, որը կոչ է անում երթին չմասնակցող բոլոր մարդկանց իրենց տների պատուհանների մոտ մեկական մոմ վառել ի հիշատակ ցեղասպանության զոհերի։
Դաշնակցություն կուսակցության գործունեության հիմնական ուղղություններից մեկը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումն է։ 1998 թ.-ից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրը նշվում է ապրիլի 24-ին։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—