ԼՂՀ վարչապետը ողջունել է ԼՂՀ հարկային պետական ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված համաձայնագիրը
Մարտի 21-ին վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա տեղակալ Արտաշես Բեյբուդյանին։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կայացած գործնական զրույցի ընթացքում արծարծվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Վարչապետը ողջունեց նույն օրը ԼՂՀ հարկային պետական ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված համաձայնագիրը, որով ակտիվ փոխգործակցություն է նախատեսվում երկու կառույցների միջև 2009-2011 թվականների համար։
Խաչատրյանը նշել է, որ իր ղեկավարած կոմիտեի կողմից Արցախի հարկային ծառայությանն է տրամադրվել տեխնիկական օժանդակություն և որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական փոխանակության կապակցությամբ։ Կարևորվեց, որ նպատակային քայլերով պետք է հասնել նրան, որպեսզի ԼՂՀ հարկային ծառայությունն իր կադրային ու տեխնիկական հագեցվածությամբ չտարբերվի հայաստանյան նույնանման հիմնարկից։
Խաչատրյանն իրազեկել է, որ ծրագրվում է միջազգային ուսումնական դասընթացներում ընդգրկել նաև արցախցի մասնագետներին։
Հյուրերին շնորհակալություն հայտնելով օժանդակության համար՝ վարչապետ Հարությունյանը հրատապ համարեց ԼՂՀ հարկային համակարգում դրական տեղաշարժերի աշխուժացումը նաև այն ազդակներով, որ երկու կառույցների միջև խորանա փոխվստահությունը և իրական դառնա մատչելի ու թափանցիկ հարկային համակարգ ունենալու հեռանկարը։
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը։-0-