Պաշտոնական Ստեփանակերտը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է. ԼՂՀ նախագահ
Պաշտոնական Ստեփանակերտը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
«Սակայն Ադրբեջանը չի հրաժարվում իր ծայրահեղ դիրքորոշումներից, այդ պատճառով այս պահին դժվար է խնդրի խաղաղ կարգավորում ակնկալել», - նախօրեին Ստեփանակերտում Սպայի տանը Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահը։
Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտութան կարգավորման հարցում շատ բան է կախված Ադրբեջանի վարքագծից։
«Օրինակ, շփման գծից դիպուկահարների հանման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունն անտեսվեց Ադրբեջանի կողմից, իսկ ղարաբաղցիները ընդունեցին միջնորդների առաջարկությունը», - ասել է ԼՂՀ նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ այսօրվա դրությամբ անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել բանակացությունների ձևաչափն ու Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը, որի համաձայն ԼՂՀ-ն հանդես է գալիս որպես հակամարտության լիարժեք կողմ։
«Մեր հիմնական նպատակը միջազգային հանրության կողմից Արցախի փաստացի անկախության ճանաչումն է, և պետությունն այդ ամենի համար գործադրում է բոլոր ջանքերը», - նշել է Սահակյանը։-0-

