ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդատվություններ կանցկացնեն
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) ուրբաթ պաշտոնական Բաքվի հետ խորհրդատվություններ կանցկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության աշխատակիցը։
Ակնկալվում է, որ համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Մերզլյակովը, Բրայզան և Ֆասյեն Ադրբեջան են այցելել փետրվարի 26-ին։ Ռուս համանախագահը հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է, որ համանախագահները կայցելեն ոչ միայն Բաքու, այլև Երևան և Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքերով, այցի նպատակը հակամարտող կողմերի հայացքների ուսումնասիրությունն է և «նոր առաջարկության մշակումը, որը կրկին կներկայացվի կողմերին»։
Նա ավելացրել է, որ Բաքվում և Երևանում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ կքննարկվեն հարցեր, «որոնք ենթակա են քննարկման ՀՀ և Ադրբեջանի նախագահների ապագա հանդիպման ժամանակ, ինչպես նաև կքննարկվի նրանց հանդիպման վայրն ու ամսաթիվը»։
Մերզլյակովի կարծիքով, «հակամարտության կարգավորմանը խանգարում են միայն սուբյեկտիվ գործոններ, որոնց լուծում կախված է կողմերի քաղաքական կամքից»։-0-

