Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը կգործարկի իր պաշտոնական կայքը

26.02.2009, 15:14
Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը կգործարկի իր պաշտոնական կայքը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի հանրային հեռուստաընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, կգործարկի իր պաշտոնական կայքը, հաղորդում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Առաջիկա 4 ամիսների ընթացքում նախատեսվում է շահառու կողմին ապահովել որակյալ ինտերնետ կապով և աջակցել տեխնիկական միջոցներով` ներառյալ երկու սպասարկիչ ու համակարգիչ»,- ասվում է հաղորդագրությունում։  

Կայքի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկման աշխատակիցների համար կկազմակերպվի  վերապատրաստման դասընթացեր` «E-works»  ընկերության մասնագետների միջոցով:

Կայքում  հայերեն և ռուսերեն տարբերակներով կտեղադրվի Արցախի  հեռուստառադիոհաղորդումները և նորությունները: Նախատեսվում է նյութերը տեղադրել նաև համաշխարհային «Google» և  «Youtube» կայքերում:

Հաղորդագրության համաձայն, տարեսկզբին Հիմնադրամի աշխատանքային խումբն այցելել էր Ստեփանակերտ և ուսումնասիրել Արցախի հեռուստաընկերության տեխնիկական հնարավորությունները: Այցի  արդյունքներով  կազմվել է կայքի ստեղծման ծրագիրը։

Հիմնադրամը պարբերաբար սատարել է Արցախի հեռուստառադիոընկերությանը՝ վերջին անգամ  2008-ի տարեվերջին ընկերությանը տրամադրելով 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք հեռուստատեսային տեխնիկա և սարքավորումներ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 185 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-